Այս տողերը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Ֆուրման
Շահումյանցուն (Գեորգյան) նվիրված նյութից է: Վ. Պետրոսյանի ակնարկը
տպագրվել է դեռեւս 1993 թ-ի օգոստոսին «Երկիր» թերթում: Այսօր էլ
համալսարանական զոհված ազատամարտիկին հիշում են ու սիրում:
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաներն
այսօր այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհված
ազատամարտիկի վառ հիշատակին: Համալսարանականները Ֆուրմանի հարազատների հետ
հիշեցին շահումյանցի երիտասարդի անցած կարճ, բայց եւ անհատույց ուղին, նրա
նպատակներն ու երազանքները:
«… Պիտի գնամ, մամ, գրապահարանիս մեջ` իմ նկարի աջ ու ձախ կողմերում,
Անդրանիկի ու Գեւորգ Չաուշի նկարներն են. չեմ կարող թողնել գերության մեջ:
Պիտի գնամ, ես Արտակին պիտի փոխարինեմ: Արտակն իմ դասընկերն էր, զոհվեց
92-ի մայիսի 2-ին, Էրքեջի մոտ: Նրա զոհվելուց հետո համալսարանի
միջանցքները ինձ խեղդում են»,- պարտիզաններին միանալու համար մոր
օրհնությունն էր խնդրում 20-ը դեռ չբոլորած Ֆուրմանը:
«Վարդանանք»-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ակումբը
կազմակերպել է Ֆուրման Շահումյանցի հիշատակին նվիրված միջոցառում:
Հոկտեմբեր ամսվա սկզբին նախատեսվող ցերեկույթը կանցկացվի համալսարանական
ազատամարտիկի անունը կրող լսարանում: