Մահ-անմահությունը` նրան, Ազատությունը` մեզ Սեպտեմբերի 2-ին ԵՊՀ «Վարդանանք» ՌԴՀԱ-ն կազմակերպել էր միջոցառում` նվիրված տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող, զոհված ազատամարտիկ Ֆուրման Գեորգյանին: Այդ օրը նշանակալի էր մի քանի առումով. համընկել էր հայ ժողովրդի համար երեք կարևոր իրադարձություն. Արցախի անկախությունը, գիտելիքի տոնը և Ֆուրմանի հիշատակի օրը: Միջոցառմանը հրավիրված էին Ֆուրման Գեորգյանի ընկերները, կուրսեցիները, ինչպես նաև նրա մայրը` տն. Գալյան: Մի շարք դրվագներ պատմվեցին Ֆուրմանի կարճ ուսանողական կյանքից. այն, որ մինչ մնացած կուրսեցիները վայելում էին ուսանողական ժամանակաշրջանի բերկրանքը, Ֆուրմանը, չնայած որ մեծ դժվարությամբ էր ընդունվել համալսարան ու շատ լավ էր սովորում, հաճախ էր բացակայում: Իսկ պատճառն այն էր, որ նա արդեն ընտրել էր իր կյանքի հետագա ճանապարհը. պայքարով պահպանել իր ժողովրդի ինքնությունն ու գոյությունը և ապահովել սերունդների համար լուսավոր ու երջանիկ ապագա, որը լինելու էր միայն ազատության ու անկախության պայմաններում: Ցավոք Ֆուրմիկը (այսպես էր անվանում նրան Քեյթի Գունդակչյանը, որի հետ Ֆուրմանը հաճախ էր զրուցում) տեսավ իր այդ ճանապարհի միայն սկազբնակետը` բախվելով թշնամու անօրեն ու դաժան զենքին և հերոսաբար ընկնելով մարտում: Սակայն նա և նրա նման հզոր ու հերոս մարտիկները հասան գերագույն նպատակին` ազատելով հայ ժողովրդին թշնամու արատավոր թաթերից` թեկուզև իրենց կյանքի գնով: Այսօր "Ֆուրմանների” սերունդներին` այսինքն մեզ մնում է միայն պահել, պահպանել, զարգացնել ու հզորացնել մեզ թողնված թանկարժեք ժառանգությունը` ազատությունը: Եվ մայր բուհի ուսանողների պարտքն է իրենց գիտելիքները ներդնել հայրենիքի զորացմանը, քանի որ խաղաղությունն ու ազատությունը անկայուն ու փխրուն են գիտելիքի բացակայության դեպքում: Անի Հարությունյան
|