Հայ արմատներով մեծ կանադացին՝ Գարու
Աշխարհի միլիոնավոր երաժշտասերներ ճանաչում են նրան որպես կանադացի երգիչ Գարու, սակայն շատ քչերին է հայտնի, որ նա ծագումով հայ է եւ որ նրա իսկական անունն է Պիեր Գարանյան։ Գարուն ծնվել է Կանադայի հյուսիսային Շերբրուկ քաղաքում 1972 թ. հունիսի 26-ին։ Երբ նա արձակեց իր առաջին ճիչը, նրա տատը, Քեթեվի Գարանյանը նորածին թոռանը ձեռքի վրա վերցնելով, ինքն իրեն շշնջաց. «Կգա մի օր, երբ այս ձայնը կստիպի լաց լինել բազմաթիվ կանանց սրտեր»։ Իսկ տարիներ անց աշխարհահռչակ երգիչը իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում կասի. «Ես մինչեւ օրս հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում։ Նա ասում էր, որ ես պետք է լինեմ բարեկիրթ, հարգեմ տարեցներին։ Եվ ես բոլոր հանդիպած մարդկանց ողջունում էի հայերեն, ասում էի. Բարեւ ձեզ։ Ինչպե՞ս եք»։ Եվ հենց հայ տատիկն էլ առաջինը նրան երգել սովորեցրեց։ Գարուն ընդամենը երեք տարեկան էր, երբ ծնողները նրան կիթառ նվիրեցին։ Իսկ երկու տարի անց նա արդեն, կիթառից բացի, դաշնամուր էր նվագում եւ երգեհոնի դասեր էր սերտում։ Եվ չնայած իր բացահայտ երաժշտական տվյալներին, երեխան երազում էր հնաբան դառնալ, զարմացնել աշխարհը իր պեղումներով ու հայտնագործություններով։
Երբ Գարուն 14 տարեկան էր, նա շատերի համար անսպասելիորեն ջանասեր աշակերտից եւ հլու-հնազանդ զավակից վերափոխվեց կամակոր ու ըմբոստ, երբեմն նույնիսկ պարզապես անկառավարելի դեռահասի։ Նա իր համադասարանցիների հետ ռոք խումբ է հիմնում եւ համերգներով հանդես գալիս փոքր դահլիճներում։ Հենց այդ ժամանակ էլ նա պատահաբար ծանոթացավ Սելին Դիոնի ամուսնու, հայտնի երաժշտական բեմադրող եւ թողարկող Ռընե Անժելիլի հետ, եւ երբ վերջինս առաջարկեց նրան հանդես գալ որեւէ կատարումով, Գարուն առանց վարանելու մագլցեց սեղանին եւ իր մի քիչ խռպոտ ձայնով ինչ-որ հայկական մեղեդի երգեց։ Նրա կատարումը բոլորին հիացրեց, իսկ Անժելիլը, որը բոլորից ուժգին էր ծափահարում, ասաց. «Մի օր դու մեծ աստղ կդառնաս»։ Գարուն պատասխանեց. «Գիտեմ, տատիկս ինձ այդ մասին արդեն ասել է»։
Տարիներ անց, երբ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի հեղինակներ՝ երգահան Լյուկ Պլամոնդոնը եւ բանաստեղծ Ռիշար Կոչիանտեն երգիչ-դերակատարների մրցույթ-ստուգատես էին անցկացնում իրենց նոր բեմադրության համար, Ռընե Անժելիլը ներկայացրեց Գարուին, ասելով. «Այսպիսի անուն, եւ առավել եւս այսպիսի ձայն ունեցող մարդը կոչված է կատարելու Քվազիմոդոյի դերը»։ Իսկ ինքը՝ Գարուն իր կյանքի այդ շրջադարձային իրադարձության մասին պատմում է այսպես. «Լյուկը դարձավ իմ հոգեւոր հայրը։ Երբ նա ինձ հայտնաբերեց, ես երգում էի ինչ-որ սրճարանում, ինչ-որ խմբի կազմում։ Ես անփույթ սանրվածք ունեի, անվերջ հիմարություններ էի անում։ Իսկ նա իմ մեջ նկատեց Քվազիմոդոին, դժբախտ, միայնակ ու աննկատ մի մարդու։ Նրա շնորհիվ ես իմ մեջ միանգամայն այլ անձնավորություն բացահայտեցի։ Պարզվեց, որ Քվազիմոդոն միշ ապրել է իմ մեջ»։
Ահա այսպես Փարիզի երկնակամարում փայլատակեց այդ հիանալի երաժշտական բեմադրությունը, որին վիճակված էր շատ կարճ ժամանակահատվածում նվաճել ամբողջ աշխարհը։ Ավելորդ չենք համարում նշել, որ մյուզիքլի գլխավոր դերակատարները՝ Էլեն Սեգարան (Էսմերալդայի դերում), Պատրիկ Ֆյորին (Էսմերալդայի սիրեցյալի՝ Ֆեբի դերում) եւ Գարուն (Քվազիմոդոյի դերում) ծագումով հայեր էին։
Երկու տարի անընդմեջ Գարուն փայլուն ձեւով կատարում է Քվազիմոդոյի դերը «Փարիզի Աստվածամոր Տաճարը» բեմադրությունում, հյուրախաղերով շրջելով քաղաքից քաղաք, հանդես գալով Եվրոպայի, Ամերիկայի խոշորագույն բեմահարթակներում՝ Մոնրեալում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Վարշավայում, Մոսկվայում, Հռոմում, Թել-Ավիվում
Հատկապես մեծ հաջողության ու բարձր գնահատականի է արժանանում «Belle» երգը, որը 33 շաբաթ շարունակ գլխավորում է ֆրանսիական չարթերը, բազմաթիվ այլ երկրների հիթ-շքերթները։ Երաժտական քննադատները միաձայն համարում են այն հիսնամյակի լավագույն երգը։ Գարուի համար այդ երգը իսկական թալիսման է դառնում, նրա կյանքում խոշոր ու պատվավոր մրցանակների մի տեղատարափի շրջան է սկսվում, նրա համբավն ու հռչակը համաշխարհային են դառնում, նա բազմաթիվ հրապուրիչ առաջարկներ է ստանում ամենահայտնի ձայնագրման ստուդիաներից։ 1998-ին նա Էլեն Սեգարայի հետ զուգերգով ձայնագրում է Պլամոնդոնի եւ Կոչիանտեի նոր երգը՝ «Սերը դեռ գոյատեւում է» («Lamour Existe Encore»), որը նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում երաժշտասերների լայն շրջաններում։ Իսկ 1999 թ. վերջում Գարուն՝ ի թիվս «Փարիզի Աստվածամոր Տարճարի» բեմադրության մյուս դերակատարների, մասնակցում է Սելին Դիոնի Ամանորյա մեծ ներկայացմանը։ Հենց այդ շոուի ընթացքում էլ Գարուն Սելին Դիոնի հետ զուգերգով կատարում է «Քամու հետ» («Sous le vent ») զարմանահրաշ երգը, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում այդ երկու ականավոր երգիչների երգացանկում։ Ամիսներ շարունակ այդ երգը գլխավորում էր ֆրանսալեզու երկրների հիթ-շքերթները։
Գարուի հետագա մեներգչային գործունեությունը մեծ հաջողությամբ է ընթանում։ Նրա առաջին միանձնյա ալբոմը՝ «Միայնակը» («Seul») վերնագրով՝ սպառվում է երկու միլիոնից ավելի տպաքանակով։ 2001 թ. նա շուրջ հարյուր համերգ է կազմակերպում, իսկ երկրորդ ալբոմը՝ «Միայնակ
ձեզ հետ» («Seul... avec vous»)՝ դառնում է պլատինե Ֆրանսիայում եւ ոսկե՝ Քվեբեկում։ 2002 թ. Գարուն մեծ համերգ է կազմակերպում Փարիզի «Բերսի» մարզադաշտում, իսկ մեկ տարի անց լույս է տեսնում նրա նոր ալբոմը՝ անգլերեն կատարումներով։
Այսօր հայկական արմատներ ունեցող համաշխարհային հանրամատչելի երաժշտության գերաստղ Գարուի հետ իրենց համար պատիվ են համարում զուգերգել այնպիսի մեծ երգիչներ, ինչպես Շառլ Ազնավուրը, Սելին Դիոնը, Բրայան Ադամսը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆյորին եւ շատ ուրիշներ։
Գարուն ֆրանսիական եւ համաշխարհային երգարվեստում առանձնանում է իր արտաքին տվյալներով (նա կապուտաչյա գեղեցկատես հսկա է, որի հասակը մոտենում է երկու մետրին), անզուգական, շատ հազվադեպ հզոր ու խռպոտ ձայնով եւ հիանալի դերասանական ունակություններով։ Պատահական չէ, որ նրան հաճախ համեմատում են ժամանակակից ֆրանսիական կինոարվեստի գերաստղեր Ժերար Դեպարդյոի եւ Ժան Ռենոի հետ։
Շատերին կարող է թվալ, որ Գարուի ստեղծագործական կենսագրությունը ի սկզբանե հարթ էր եւ ուղիղ, որ նա միանգամից գտավ իր ոճը, միանգամից ներկայացավ աշխարհին իր ասելիքով։ Սակայն դա ամենեւին այդպես չէ։ Նա մշտապես որոնումների մեջ է, երգում է ոչ միայն դասական ֆրանսիական շանսոն, այլեւ բազմաթիվ այլ ժանրերի երգեր, այդ թվում նաեւ այսպես կոչված «ծանր» եւ «մետաղական» ռոք երգեր։
Ինչ վերաբերում է երգչի անձնական կյանքին, ապա այն երջանիկ անվանել չի կարելի։ Ճիշտ է, Գարուն միշտ մեծ հաջողություն է ունեցել կանանց շրջանում, սակայն գերլարված աշխատանքային ռիթմը ընտանեկան հոգսերի ու վայելքների համար ազատ ժամանակ չի թողել։ Թերեւս դա է հիմնական պատճառը, որ նա հեռացավ իր կնոջից՝ ֆոտոմոդել Ուլրիկայից եւ իր դստրից՝ Էմիլիից։
Վերջերս հրապարակված իր հարցազրույցներից մեկում Գարուն խոստովանում է, որ ցանկացած միջավայրում, ցանկացած շրջապատում իրեն մշտապես միայնակ է զգում։ «Ես շատ մտահոգված եմ իմ անձնական կյանքում տիրող խառնաշփոթ վիճակով։ Ընտանիքը շատ կարեւոր է ինձ համար։ Ես երբեք չեմ ձգտել գերաստղ դառնալ։ Երբ քեզ բոլորը ճանաչում են, չափազանց դժվար է անել այնպես, որ քո անձնական կյանքը անձեռնմխելի լինի ուրիշների համար։ Իհարկե, ես հպարտ եմ, որ Գարուի կարիերան այդպես սրընթաց զարգացում է ապրում, սակայն ես չեմ դադարում երազել նորմալ մարդ լինելու, նորմալ կյանք ու կենցաղ ունենալու մասին։ Կարծում եմ, ես վաստակել եմ այդ իրավունքը»։
Այն հարցին, թե բավարարո՞ւմ է նրան արդյոք իր մշտական «քոչվորի կյանքը», կյանքը անիվների վրա, անվերջ ճանապարհորդություններն ու շրջագայությունները, հյուրախաղերը, հյուրանոցային կենցաղը, երգիչը պատասխանում է. «Այո, բավարարում է։ Ես խառնվածքով աշխատանքային մոլագար եմ։ Երկար ժամանակ ես նույնիսկ պատկերացում չունեի այն մասին, թե ինչ բան է կարգապահությունը, մինչեւ որ ինքս չգտա կարգապահ լինելու իմ սեփական միջոցը։ Ես ինձ իսկապես լավ եմ զգում միայն այն ժամանակ, երբ սկսում եմ երգել։ Ֆրանսիայում ես ինքս եմ ապահովում ինձ բոլոր պայմանագրերով։ Պատասխանում եմ տարբեր գործակալությունների առաջարկներին, ուսումնասիրում եմ սցենարները, նոր առաջարկները։ Այնպես որ, հարկադրված եմ լինում շատ մեծ կարգապահություն դրսեւորել։ Ցերեկը ես իսկական գործարար մարդ եմ, իսկ ահա երեկոյան գալիս է իմ ամենասիրած ժամանակը` երգելու ժամանակը։ Իսկ գիշերները ես գնում եմ հերթական երեկույթի»։
Լավ, այդ դեպքում ե՞րբ է նա քնում, երբ է հասնգստանում։ Չէ որ մարդ չի կարող առանց հանգստի, առանց ուժերը վերականգնելու դիմակայել կյանքի փորձություններին ու մարտահրավերներին։ Գարուն ինքն է տալիս այդ հարցի պատասխանը։ «Ես շատ քիչ եմ քնում, - ասում է երգիչը։ - Սիրում եմ աղմկոտ եւ անհանգիստ կյանքը։ Մարդկանց հետ շփվելիս ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրի մեջ։ Սակայն երբեմն մեկ էլ տեսար անհաղթահարելի ցանկություն է առաջանում ինչ-որ տեղ փախչել, վերագտնել ինքս ինձ։ Նման պահերին ես իսկապես անհայտանում եմ. ես ոչ մեկի համար գոյություն չունեմ»։
Դե ինչ, երեւի հենց այդ զգացումն է, որ խանգարում է նրան լիարժեք երջանիկ լինել։ Սակայն փոխել որեւէ բան անհնար է։ Ընտրությունն արդեն կատարված է։ Թերեւս այսպիսի դեպքերի համար է ասված, որ հազար երանի մի տեղ չի լինում։
Երբ երգչին հարցնում են, թե հիշում է նա արդյոք իր հայկական արմատները, այն, որ իր իսկական անունը Պիեռ Գարանյան է, նա պատասխանում է. «Իհարկե հիշում եմ։ Իհարկե Պիեռ Գարանյանը ինձ համար դեռեւս գոյություն ունի։ Եվ միշտ գոյություն կունենա։ Ճիշտ է, նրան մի փոքր ճնշել է Գարուն, սակայն այդ մականունը ի սկզբանե դերասանական կեղծանուն չի եղել»։
Պիեռ անունով նրան այսօր հիմնականում դիմում են, իր իսկ վկայությամբ, ընդամենը երեք հոգի` իր բանկիրը, մայրը եւ քույրը։ Ինչ վերաբերում է հորը, նա բազմաթիվ այլ հայրերի նման ասում է պարզապես «Որդիս»։
2009 թվականի մարտի 22-ին Գարուն երգեց նաեւ հայաստանցիների համար. այդ օրը
Երեւանի Ծիծեռնակաբերդի Մարզա-համերգային համալիրի սրահում կայացավ Գարուի մենահամերգը։
Добавлено (2010-09-02, 5:47:31 PM)
---------------------------------------------
Ֆրանսիական նոր հակահայկական ֆիլմ` Ժան Ռենոյի դերակատարմամբ
2009 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը հանրահայտ դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ նկարահանել է «Փակ շրջանակ» ֆիլմը: Այն Ֆրանսիայում բնակվող հայկական մի ընտանիքի`Մալաքյանների մասին է: Ըստ սցենարի, այս հանցագործ ընտանիքը ղեկավարում է Ֆրանսիայի հարավի ողջ հանցագործ աշխարհը: Ընտանիքի «կնքահայրը» Միլո Մալաքյանն է (Ժան Ռենո), որը շատ խիստ և դաժան ղեկավար է և ընտանիքում, և հանցագործ աշխարհում: Միլո Մալաքյանի որդին և ժառանգորդը Անտոն Մալաքյանն է, որն ուզում է դուրս գալ հանցագործ աշխարհից և ապրել իր սիրեցյալի հետ, սակայն հանդիպում է հոր դաժան դիմադրությանը, որը նույնիսկ ցանկանում է սպանել որդու ընկերուհուն: Այս ամենն ընթանում է ոստիկան Սոնյերի՝ հայ հանցագործ ընտանիքի ձերբակալման փորձերին զուգահեռ:
Առաջին հայացքից շարքային թրիլլեր է` վատ հանցագործների և լավ ոստիկանների մասին: Սակայն մի քիչ ուշադիր դիտելու դեպքում պարզորոշ է դառնում ֆիլմի հակահայկական ուղղվածությունը:
Ֆիլմն սկսվում է դոկումենտալ կադրերի ցուցադրությամբ և հետևյալ տեքստով. «1915 թվականի փետրվարին Թուրքիայում սկսվեցին բռնություններ հայերի նկատմամբ: Մի փոքր անց հազարավոր փախստականներ եկան Ֆրանսիա: Որպեսզի գոյատևեն և ինտեգրվեն, շատ հայեր ստիպված էին ծանր աշխատանքներ կատարել: Շատ հայեր, բայց ոչ բոլորը, օրինակ` Մալաքյանների ընտանիքը»:
Ինչպես տեսնում ենք, Ֆրանսիայում` Հայոց Ցեղասպանությունը ճանաչած այդ երկրում նկարահանվում է մի ֆիլմ, ուր 1915թ. Ցեղասպանությունը բնորոշվում է պատասխանատվություն չենթադրող մի բառով:
Մեկ այլ դրվագում էլ ոստիկանը, Ժան Ռենոյի հերոսին դիմելով, ասում է. «Մալաքյան, չնայած դուք տեղափոխվել եք, բայց ձեր գործելու մեթոդները մնացել են նույնը: Մարինիի տունը դուք եք թալանել, այնտեղ դիակներ կան: Որտեղ էլ դուք գնաք, մարդիկ են մահանում, ձեզ համար ոչ մի սրբություն չկա»: Եթե հաշվի առնենք, որ ըստ ֆիլմի սյուժեի, Մալաքյանների ընտանիքը ոչ մի տեղ չի տեղափոխվել, նշանակում է` «չնայած դուք տեղափոխվել եք, բայց ձեր գործելու մեթոդները (սպանություն, թալան) մնացել են նույնը» արտահայտությունը վերաբերում է ողջ հայությանը:
Հաջորդ դրվագում հայկական եկեղեցական ծես է, որը կատարվում Է Միլո Մալաքյանի զոհված որդու հոգու հանգստության համար: Իսկ հայ հանցագործի որդին զոհվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Բացի այն, որ հայ հոգևորականներն աղոթում են Մալաքյանի որդու հոգու հանգստության համար, վերջինս նաև թաղվում է եկեղեցում: Այս դրվագով էլ հարված է հասցվում Հայ Առաքելական եկեղեցուն, որը, փաստորեն, թույլատրում է, որպեսզի հանցագործին թաղեն եկեղեցում:
Կարծում ենք` այսքանը բավական է ֆիլմի հակահայկականությունն ի ցույց դնելու համար:
Ֆիլմարվեստն, իհարկե, քարոզչության հզոր գործոն է: Պատահական չէ, երբ Հիտլերը ներխուժեց ԽՍՀՄ, Հոլիվուդում սկսեցին նկարահանել ռուսամետ ֆիլմեր, հետագայում` ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի տարիներին, հոլիվուդյան ֆիլմերում ռուսները դարձան բացասական կերպարներ: Շատ դեպքերում ֆիլմի սյուժեում քարոզչության նպատակները թաքնված են, մատուցվում են նրբորեն և նկատելի են դառնում ենթատեքստում: Օրինակ ՝ ԽՍՀՄ ապրելակերպի նկատմամբ Արևմուտքի առավելությունը ցուցադրելու համար քիչ արդյունավետ կլինեին այնպիսի ֆիլմերը, որոնցում բաց տեքստով կխոսվեր Արևմուտքի առավելությունների մասին: Այդ դեպքում ռեժիսորը դիմում էր կատակերգական ժանրին, ընտրում սիրված դերասաններից մեկին, օրինակ` Պիեր Ռիշարին, և «հետին պլանով» ցուցադրում Եվրոպայի առավելություններն ու եվրոպացիների բարեկեցիկ կյանքը:
Նույն տեխնոլոգիայով է կառուցված նաև Լորան Տյուելի «Փակ շրջանակ» ֆիլմի սցենարը, նրանում հակահայկականությունը բացահայտ նկատելի չէ, սակայն ֆիլմի «մեսիջը» հստակ հակահայկական է:
Զարմանալի է, որ Հայաստանի, Ֆրանսիայի կամ, ընդհանրապես, հայության կողմից մինչ այժմ ոչ մի բացասական արձագանք չի հնչել այդ ֆիլմի հասցեին, մինչդեռ հակահայկական նման դրսևորումների դեմ բողոքներն անհրաժեշտ են՝ հետագայում դրանք կանխելու նպատակով:
Վահրամ Միրաքյան
Ճիշտն ասած չգիտեմ այս նյութն ինչքանով է առնչվում այս ֆորումի հետ, սակայն կարծում եմ, որ շատերին կհետաքրքրի։