«Ես այնտեղ պետք եմ…»,- մի երկտող թողեց եւ գնաց Արցախ:
Երբ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նրա հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրեց` ինչո՞ւ ես եկել, նա պատասխանեց. «Պապերս ղարսեցի են, եկել եմ` ազատագրեմ Արցախը, որ հետո էլ Ղարսն ազատագրեմ…»: Հոգեւոր առաջնորդին մնում էր միայն համբուրել քաջորդու ճակատն ու օրհնել նրա հերոսական ուղին: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, արդեն 70 տարեկան է: Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Մայր բուհի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները նշում էին «70-ամյա պատանու», ինչպես նրան անվանեցին ներկաները, ծննդյան տարեդարձը: Ամեն ամսվա չորեքշաբթի օրերին նա հանդիպում է ակումբականների հետ, զրուցում, խորհուրդներ տալիս, պատմում` մնալով անչափելիորեն համեստ եւ իմաստուն:
Ակումբի անդամների հետ գեներալի կապն այնքան ամուր է, որ լեգենդար «զորավարին» բոլորը մտերմաբար «մեր Կոմանդոս» են կոչում: Համեստության եւ խաղաղության խորհրդանիշ, ուժի եւ կամքի խտացում, գիտելիքի եւ երեւակայության դրսեւորման եզակի օրինակ: Մեզ բախտ է վիճակվել կոչվել նրա ժամանակակիցը: Նա իրագործեց անհնարինը` ազատագրելով Շուշին, որ Արցախի ոգին էր եւ մշակութային կենտրոնը: Նա ազատագրեց Արցախը:
«Այդ օրն առաջին անգամ մեր մեջ ինչ-որ բան ջարդվեց. ջարդվեց վախը, ստրկամտությունը, հավատ եւ ոգի մտավ մեր մեջ, թե կարող ենք վերադարձնել կորսված մեր հայրենիքը: Եվ հենց մեր սերնդին բաժին հասավ պայքարել ազգի համար եւ հետ բերել հողը»,- ասաց համալսարանական, Կոմանդոսի զինակից եւ Շուշիի ազատագրման մասնակից Իգոր Սարգսյանը:
Ծննդյան առթիվ մեծ ընկերոջն ու զինակցին շնորհավորելու էր եկել նաեւ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը: «Արկադի Տեր-Թադեւոսյանը` Սովետական բանակում ծառայած, ամբողջ կյանքում «դրսերում» եղած մարդը, ով, կարելի է ասել, հայերենին լավ չէր տիրապետում, էլ չեմ ասում` «ղարաբաղերենին»…, եկել էր Հայաստան եւ այդ դժնդակ տարիներին Ղարաբաղում փորձում էր ղեկավարել այդ խառը զանգվածը, որը զոհ չէր. դրանք կամավորական ջոկատներ էին, հուժկու տղաներ էին, կրակոտ, ուժեղ, տաքարյուն եւ մի քիչ էլ խենթ: Արկադի Իվանովիչն այդ ամենին հակադրեց իր գիտելիքները, համեստությունը եւ անչափ մեծ սերը դեպի մարդը, զինվորը, հայրենիքը: Այդ սիրով էլ նվաճեց բոլորիս սրտերը»:
Ու թեեւ գեներալ-մայորին նոր են շնորհել «Արցախի հերոսի» տիտղոսը, նա արդեն վաղուց նվաճել էր այդ կոչումը, նվաճել էր հայերի սրտերը: Երեւանի պետական համալսարանի գիտաշխատող Քեթի Գունդակչյանը, որ Ղարաբաղի ազատագրման տարիներին կորցրել է իր հոգեզավակին, հիշում է, թե առաջին անգամ Կոմանդոսի մասին լսելիս ինչ է զգացել. «Շատ զարմացա, հուզվեցի, եւ այնքան հեռու թվաց նրան տեսնելու հնարավորությունը»:
Բայց տիկին Քեթին ոչ թե «ամենայն հայոց հերոսի» մասին խոսեց, այլ մի մարդու, որ «աչքի պես պարզ ու բարդ է». «Պիտի տեսնել նրան դասական երաժշտություն լսելիս, ներկայացում դիտելիս եւ ընկալելիս: Այնքան զարմանալի է, թե այդ ինտերնացիոնալիստ մարդն ինչպես է կարողացել կլանել հայոց պատմությունը, հայ եւ համաշխարհային գրականությունը»:
http://ysu.am/site/index.php?lang=1&page=2&id=2401 Շնորհակալություն «Ակունք» ազգագրական համույթին իրենց հիասքանչ կատարումների համար, որը էլ ավելի բարձրացրեց ներկաների տրամադրությունը։
Կազմակերպիչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ
|